Ավելի հզոր, ավելի ոճային. թողարկվել է նոր Honor 9 սմարթֆոնը
Ընդամենը օրեր առաջ Բեռլինում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Huawei ընկերությունը ներկայացրեց իր Honor սուբբրենդի նոր հերոսին՝ Honor 9-ին:
Հիշեցնենք, որ Honor-ը Huawei ընկերության սուբբրենդն է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սուբբրենդը նոր, առանձին ապրանքանիշ է, որը վաճառվում է արդեն հայտնի մարկայի կողմից` ավելի էժան գներով եւ «թեթեւ» կառուցվածքով` նախատեսված առավել մասսայական կիրառման համար: Այսինքն, ավելի հայտնի ապրանքների բյուջետային տարբերակները:
Եւ ուրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր նոր հերոսը: Համացանցում արդեն բազմաթիվ արձագանքներ են հայտնվել, եւ գրեթե բոլորը միաբերան նշում են, որ նոր Honor 9-ը իր նախորդի՝ Honor 8-ի ավելի կատարելագործված տարբերակն է:
Սակայն, ընկերության քաղաքականությունը Honor շարքի սմարթֆոնների հարցում մնացել է անփոփոխ. սպառողներին ներկայացնել ոճային, հզոր, գեղեցիկ, բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ՝ առավել մատչելի գներով: Այսինքն, այս մոտեցումն անփոփոխ է մնացել:
Իսկ այժմ՝ կառուցվածքը:
Նախ, բոլորի ուշադրությունն է գրավել տեսախցիկը. ինչպես նախորդի դեպքում, այս մեկն էլ հագեցած է երկու տեսախցիկներով, որոնք, սակայն, նախորդից ավելի հզոր են: Եթե Honor 8-ի տեսախցիկները 12 եւ 12 ՄՊ-անոց էին, ապա այս դեպքում արդեն ունենք 20 (մոնոքրոմ, առավելագույն քանակի լույս ներգրավելու համար) եւ 12 (գունավոր, պատասխանատու է կոնտրաստի եւ կադրի դետալիզացիայի համար) ՄՊ հզորությամբ տեսախցիկներ:
Ի համեմատություն նախորդի, այս անգամ իր դիրքն է փոխել մատնահետքերի սքաները. Honor 9-ի դեպքում այն հայտնվել է սմարթֆոնի դիմային հատվածում: Բայց սա դեռ ամենը չէ. մատնահետքերի սքաները նաեւ հանդես է գալիս որպես սենսորային պանելի փոխարինիչ: Սքաներին թեթեւ հպումը տանում է «Դեպի հետ», երկար հպումը՝ դեպի «Գլխավոր» մենյու/Home, կրկնահպումը գործի է դնում «վերջին հավելվածները»:
Սքաները սակայն պատրաստված չէ առանձին ստեղնի տեսքով. այն ուղղակի թեթեւակի սուզված է հեռախոսի մեջ այնպես, որ հնարավոր լինի զգալ անգամ փակ աչքերով:
Հետնամասում սմարթֆոնը պարուրված է կլորացված 3D ապակիով, որը կազմված է 15 մշակված շերտերից՝ առկայծող լույսի տպավորություն ստեղծելու համար:
Սմարթֆոնները ներկայացված են երեք գունային գամմայով. կապույտ, մոխրագույն (Սառցե մոխրագույն- Glacier Grey) եւ սեւ:
Կապույտ եւ մոխրագույն սմարթֆոնները հասանելի կլինեն վաճառքի հենց մեկնարկից, իսկ սեւ սմարթֆոնները վաճառքի կհանվեն մի փոքր ավելի ուշ:
Տեխնիկական բնութագրիչները
Օպերացիոն համակարգը՝ Android 7.0 Nougat
Դիսփլեյը՝ 5,15", 428 ppi, LTPS
Էկրանի անկյունագիծը՝ 5.15 դույմ
Տեսախցիկները՝ կրկնակի, 20 ՄՊ+12 ՄՊ
Դիմային տեսախցիկը՝ 8 ՄՊ
Պրոցեսորը՝ 8 միջուկանոց HiSilicon Kirin 960
Օպերատիվ հիշողությունը՝ 4 ԳԲ
Ներքին հիշողությունը՝ 64 ԳԲ
Մարտկոցը՝ 3200 մԱժ
Չափսերը՝ 147,3х70,9х7,45 մմ
Քաշը՝ 155 գ