Համեմատելով լավագույնները.
Honor 8 Pro եւ P10 plus, ո՞րն ընտրել
Մեկ ամիս առաջ չինական Huawei ընկերությունը սկսեց Honor 8 Pro սմարթֆոնների վաճառքը, իսկ դրանից քիչ առաջ էլ Բարսելոնայում կայացած MWC 2017-ի ժամանակ ներկայացրեց ֆլագմանային P10 եւ P10 plus սմարտֆոնները:
P10-ին մենք արդեն անդրադարձ կատարել ենք, իսկ այժմ փորձենք համեմատել Honor 8 pro-ն եւ P10 plus-ը:
Սակայն, մինչ այդ փոքրիկ նախաբան:
Հիշեցնենք, որ Honor-ը Huawei ընկերության սուբբրենդն է: (Սուբբրենդ- նոր, առանձին ապրանքանիշ, որը վաճառվում է արդեն հայտնի մարկայի կողմից` ավելի էժան գներով եւ «թեթեւ» կառուցվածքով` նախատեսված առավել մասսայական կիրառման համար: Այսինքն, ավելի հայտնի ապրանքների բյուջետային տարբերակները):
Իսկ ահա P շարքի ներքո Huawei-ը ներկայացնում է իր ֆլագմանային սմարտֆոնները` ավելի թանկարժեք եւ տեխնիկապես ավելի հագեցած:
Սակայն, եթե այլ ընկերությունների պարագայում ֆլագմանների եւ սուբբրենդների միջեւ տարբերությունը շատ զգալի է, ապա, ինչպես նշում են մասնագետներն ու տեխնիկայի սիրահարները, Huawei-ն անգամ իր բյուջետային սմարտֆոնները հասցրել է այնպիսի մակարդակի, որ դրանք որոշ պարամետրերով սկսել են մրցել անգամ նույն ընկերության ֆլագմանների հետ:
Եւ դա չնայած նրան, որ Huawei ընկերությունում սովորաբար հրաժարվում են համեմատել այս երկու ապրանքանիշները` դա հիմնավորելով «փիլիսոփայությունների» տարբերությամբ.
ասում են` Honor-ը դա այլ ընկերություն է` իր չափանիշներով եւ մոտեցումներով առ այն, թե ինչ ասել է ժամանակակից սմարթֆոն:
Ի դեպ, մասնագետները չեն մոռանում շեշտել, որ այն իր որակական ու տեխնիկական չափանիշներով զգալիորեն գերազանցում է նույն գնի սահմաններույմ վաճառվող այլ ընկերությունների սմարթֆոններին. այնպես որ, զարմանալի չէ, որ բյուջետային Honor-ը ոտք է մեկնում «բարձր դասի» սմարտֆոնների հետ:
Իսկ այժմ ներկայացնենք, խոստացված համեատությունը:
Honor 8 pro
Այս սմարթֆոնի բոլոր ստեղները տեղակայվել են աջի` կողային հատվածում, ձախում միայն SIM քարտերի համար նախատեսված անցքերն են: Մատնահետքերի սքաները հետնամասում է: Honor 8 Pro-ն Huawei-ի երկրորդ մասսայական սմարթֆոնն է, (P10 plus-ից հետո), որը ունի QuardHD էկրան:
Huawei ընկերության ինժեներները չեն խնայել եւ այս սմարտֆոնը հագեցրել են 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Հիշեցնենք, որ Huawei-ը ավելի վաղ է (2015-ին) սկսել արտադրել կրկնակի տեսախցիկներով սմարտֆոնները, քան դա արեց Apple ընկերությունը` iPhone 7 Plus հեռախոսի դեպքում:
Եւ դրանից հետո կրկնակի տեսախցիկներով սմարտֆոնները ավանդական են դարձել Huawei ընկերության բոլոր արտադրանքների համար: Այդ թվում` այս մեկի: Ինչպես եւ մյուս` կրկնակի տեսախցիկներով սմարթֆոնների պարագայում, այս դեպքում էլ լուսանկարահանման պահին երկու տեսախցիկների տվյալները միավորվում են` հատուկ ալգորիթմերով: Արդյունքում սստացվում է առավել հստակ եւ կոնտրաստային լուսանկար:
Այո, Honor 8 Pro-ի տեսախցիկների պարագայում Leica բրենդն անմասն է մնացել, սակայն, դա չի նշանակում, որ լուսանկարների որակը շատ զգալի է զիջում ֆլագմանային սմարթֆոններին: Ավելին, մասնագետներն անգամ նշում են, որ որակի առումով Honor 8 pro-ի լուսանկարները մրցունակ են «բարձր լիգայի» սմարտֆոնների լուսանկարների հետ. ինչպես օրինակ` iPhone 7-ի, Galaxy S7-ի կամ Huawei P 10-ի:
Կարճ ասած, եթե ձեզ անհրաժեշտ է հարմար եւ գեղեցիկ սմարթֆոն, սակայն, դուք պատրաստ չեք դրա համար հսկայական գումարներ ծախսել, ապա Honor 8 Pro-ն հենց այն է, ինչ պետք է ձեզ:
P10 plus
Դե, իսկ հիմա, ֆլագմանը: Սա P10-ի շարունակությունն է, կամ` համարյա երկվորյակը, սակայն, մի փոքր ավելի մեծ չափերով, հատկապես դիզայնի առումով:
Մասնագետները փաստում են` երեւի նոր սմարթֆոնի ամենամեծ առավելությունը ոչ այնքան մինչեւ 5.5 դույմ մեծացված ՀԿ էկրանն է, որքան զգալի լուսային ուժով օժտված տեսախցիկները:
Ընդհանրապես, ըստ մասնագետների, այս սմարթֆոնը` ֆոտո եւ տեսանկարահանման առումով ընկերության ամենաառաջադեմ սմարթֆոնն է:
Ինչպես ընկերության մի շարք այլ մոդելների պարագայում, այս դեպքում էլ սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ` մեկը 12 Մպ հզորությամբ եւ RGB սենսորով, երկրորդը` 20 Մպ-ոց` միագույն:
Leica ընկերության հետ համատեղ ստեղծված այս տեսախցիկները օրինակ` հագեցված են ֆազային, լազերային եւ խորքային ավտոֆոկուսային համակարգով, ունեն օպտիկական կարգավորման համակարգ, կրկնակի լուսադիոդային լուսարձակ, որն ունակ է լուսանկարահանման օբեկտները լուսավորել ոչ թե անդադար, այլ` իմպուլսային ռեժիմով:
Հա, չմոռանանք նշել, որ ինչպես P10-ի պարագայում, P10 plus-ի դիմային տեսախցիկը եւս Leica ընկերությանն է պատկանում:
Այսինքն, բարձր դասի այս սմարտֆոնի բոլոր տեսախցիկները աշխարհի ամենահայտնի պրոֆեսիոնալ տեսախցիկներ արտադրող ընկերության «ձեռքի գործն» են:
Պատրաստման առումով այս սմարթֆոնը ակնհայտորեն թոփ մակարդակի սմարթֆոնների դասին է պատկանում. եւ նյութերի որակն են շատ բարձր եւ պատրաստման որակը:
Սմարթֆոնը ներկայացվում է մի քանի գույներով` սպիտակ, կապույտ, ոսկեգույն, սեւ, արծաթագույն, վարդագույն-ոսկեգույն եւ կանաչ: Էլեկտրոնային հագեցվածությունը բավականին հզոր է, ճիշտ այնպես, ինչպես P10-ի պարագայում:
Մի խոսքով, եթե ձեզ պետք է իսկապես որակյալ հեռախոս, եւ դուք գումարի կամ խնայողության խնդիր չունեք, ապա P10 plus-ը հենց ձեր հեռախոսն է:
Հավանեցի՞ր նյութը՝ կիսվիր քո կարծիքներով ։)