Huawei – ը ներառվել է Forbes-ի 2017թ․ ամենաթանկ ապրանքանիշների ցանկում
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակը. ցուցակի 88-րդ հորիզոնականում է հայտնվել չինական Huawei ընկերությունը:
Այսպիսով, Huawei-ը ցանկում հայտնված միակ չինական ապրանքանիշն է: Չինական ապրանքանիշի արժեքը գնահատվել է 7.3 մլրդ դոլար, ինչն ի դեպ, 9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Նշենք, որ ամերիկյան Forbes-ը ամբողջ աշխարհի մակարդակով ամենաառաջատար ֆինանսա-տնտեսական ամսագրերից մեկն է, որն ԱՄՆ-ում լույս է տեսնում 1917 թվականից սկսած: Այն նաեւ տեղական լեզուներով աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներում է հրատարակվում:
Յուրաքանչյուր տարի Forbes-ը կազմում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը: 2017-ի կտրվածքով կազմված ցանկում են հայտնվել 100 ապրանքանիշներ աշխարհի 15 երկրներից:
Այս տարի ամենաթանկ ապրանքանիշների ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ն է (56 անուն ապրանքանիշ), ցանկում են նաեւ ապրանքանիշներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:
Huawei-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2016 թվականի ընթացքում աշխարհում ընկերության ճանաչելիության մակարդակը գերազանցել է անգամ իրենց ակնկալիքները, իսկ 2017-ի առաջին 4 ամիսների ընթացքում այդ միտումը շարունակվել է, հատկապես որ Huawei ընկերության սմարթֆոնների վաճառքը անշեղորեն աճել է:
Մասնավորապես, մեջբերվում է առաջատար հետազոտական ինստիտուտների (IDC, SA եւ Trendforce) կողմից հրապարակված տվյալները, ըստ որի ամբողջ աշխարհում Huawei ընկերությունը սմարթֆոնների վաճառքի ծավալի ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ Չինաստանում այն ընդհանրապես առաջին տեղում է:
Մասնավորապես, կարելի է նշել HUAWEI P9 / HUAWEI P9 Plus սմարթֆոնների օրինակը, որոնք ամբողջ աշխարհում վաճառվել են 12 մլն օրինակով՝ դառնալով առաջին ֆլագմանային մոդելը, որի վաճառքը գերազանցել է 10 մլն օրինակը:
Նշվում է նաեւ, որ սմարթֆոնների արտադրության ժամանակ ընկերությունը համագործակցել է աշխարհի տարբեր ամենահայտնի ընկերությունների հետ: Օրինակ՝ P10 սմարթֆոնի արտադրության ընթացքում Huawei-ը համագործակցել է PANTONE – Greenery ընկերության հետ՝ շրջանառության մեջ դնելով նոր գույն. Ընկերությունը նույն սմարթֆոնի արտադրության ժամանակ համագործակցել է նաեւ ամենահայտնի VOGUE ամսագրի եւ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների արտադրությամբ զբաղվող Leica ընկերության հետ:
Ի դեպ, Forbes-ի ցուցակում հայտնվելը Huawei-ի միակ նվաճումը չէ. 2016 թվականին աշխարհի լավագույն ապրանքանիշների Interbrand «Top 100» աղյուսակում ընկերությունը 72-րդ հորիզոնականում էր, իսկ ամենաթանկ ապրանքանիշների «Global 500» աղյուսակում Huawei-ը 40-րդ հորիզոնականում էր՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 7 հորիզոնականով: